Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող ՄԱՐԻՈ ԲՐՈՒՆԵԼՈՆ աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից է։ Նա նվագել է ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ‚ Մյունխենի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ և ամենահայտնի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի‚ Զուբին Մեթայի‚ Ռիկարդո Մուտիի‚ Կլաուդիո Աբադոյի ղեկավարությամբ։ Մարիո Բրունելոյին համարում են նաև նորարար արտիստ կատարողական արվեստում։ Երաժշտության ներկայացման դասական ձևերից բացի‚ նա բարձր արվեստը մատուցում է նոր ձևաչափերով՝ ավելի ու ավելի մեծ թվով ունկնդիրների գրավելով դեպի դասական աշխարհ։
Մարիո Բրունելոն Հայաստանում էր «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում և ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը։ Իտալացի թավջութակահարը սիրով պատասխանեց մեր մի քանի հարցերի։
-Մաեստրո, Դուք կատարողական արվեստում հայտնի եք որպես նորարար երաժիշտ։ Սիրում եք նվագել ոչ համերգային վայրերում՝ բաց երկրնքի տակ, հուշարձանների մոտ և այլն։ Դա դեպի դասական երաժշտությունը նոր հանդիսատես գրավելու ձև՞ է, թե՞ Ձեր հոգուց է բխում։
-Իհարկե երկրորդը՝ դա իմ հոգու պահանջն է։ Ինձ համար այնքան էլ կարևոր չէ՝ հանդիսատեսը կգա՞ իմ համերգին, թե՞ ոչ։ Իհարկե, ես գիտեմ, որ պետք է իմ աշխատանքը կատարեմ լավագույն ձևով, և իմ կյանքը խաչվում է երաժշտության հետ ամեն օր։ Ես անում եմ այն, ինչ ես սիրում եմ և յուրօրինակ երկխոսություն եմ ստեղծում երաժշտության հետ՝ այն վերադարձնելով ունկնդրին։
-Հայաստանում շատ հետաքրքիր վայրեր կան, իսկ Դուք սիրում եք նման վայրերում նվագել, գուցե նման ձևաչափո՞վ հանդես գաք։
-Իհարկե, իմ երազանքն է նվագել հայկական եկեղեցում։ Վերջին անգամ, երբ Հայաստանում էի, եղա մի հիասքանչ վայրում՝ Երևանից ոչ հեռու մի եկեղեցում, որը կառուցվել է ժայռի մեջ։ Երբ ես այնտեղ էի, իմ առաջին զգացողությունը ձայնի գեղեցկությունը լսելն էր։ Ես սկսեցի երգել եկեղեցու մեջտեղում, և ձայնը հիասքանչ էր։ Անմիջապես հարցրի հոգևորականին՝ արդյոք հնարավո՞ր է այնտեղ նվագել։ Նա պատասխանեց, որ այդտեղ միայն երգում են։ Բայց ես հույս եմ փայփայում երբևէ նման վայրում նվագելու։ Մենք Հայաստանն անվանում ենք երգող ժայռերի երկիր, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ։
-Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցիք Մանսուրյանի կոնցերտը։ Ինչպե՞ս կբնութագրեք նվագախումբը։
-Շատ հիանալի գաղափար է` իրականացնել ժամանակակից կոմպոզիտորներին նվիրված փառատոն։ Նվագախումբն ամեն օր տարբեր ծրագրեր է ներկայացնում, ինչը բավականին բարդ գործ է։ Երաժիշտները երիտասարդ են, և նրանց վերաբերմունքը երաժշտության հանդեպ ուղղակի ֆանտաստիկ է։
-Մաեստրո, նախընտրում եք ներկայացնել ժամանակակի՞ց, թե՞ դասական կոմպոզիտորների գործերը։
-Ինձ համար կարևորը ստեղծագործությունն է. եթե ես այն հավանեցի, կնվագեմ։
Ճեպազրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ